ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը և ԲՀԿ–ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվենցի Կարո) որդին` Վիլիկ Կարապետյանը, կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Հրապարակի» տեղեկություններով՝ Արմավիրի, Արարատի, նաև Երևանի ծայրամասերում գործող նրանց պատկանող տասնյակ գազալցակայաններ փակվել են։
Ըստ շրջանառվող լուրերի` Ներքին Չարբախում գործող և Վիլիկ Կարապետյանին պատկանող գազալցակայանն անցել է ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
ՀՀ քննչական կոմիտեից թերթին հայտնել են, որ գազալցակայանների սեփականատերերը խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։
Ըստ Քննչական կոմիտեի՝ ընդհանուր թվով 36 գազալցակայաններում, ինչպես նաև քննությանը հետաքրքրություն ներկայացնող 7 այլ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։
Քրեական վարույթներով 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը հոդվածներով:
7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։
Նահապետ Գևորգյանի և Կարո Կարապետյանի որդու` Վիլիկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։