ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ին: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
Հունվարին իրանական կողմին ծանուցագիր էր ուղարկվել ԵԱՏՄ-ում բոլոր ընթացակարգերի ավարտի մասին։
Հանձնաժողովը Իրանից պաշտոնական ծանուցում է ստացել, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը նույնպես ավարտվել են։
«Անհրաժեշտ ընթացակարգերի ավարտը հաստատող ծանուցումների փոխանակումից հետո նախատեսված է 60 օր, որպեսզի փաստաթուղթն ուժի մեջ մտնի։ Այսինքն` համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ին», - ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Նոր համաձայնագրի իրագործումը կդառնա երկրների միջև առևտրի զարգացման արդյունավետ գործիք և ապագայում կարող է փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 12 մլրդ դոլարի՝ կրկնակի ավելացնելով ընթացիկ ծավալները:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանը վավերացրել էր համաձայնագիրը, ինչից հետո փաստաթուղթն ուղարկվել էր Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատմանը: Վերահսկող մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը մարտի 2-ին հայտնել էր, որ պայմանագիրը հաստատվել է, այն չի հակասում Սահմանադրությանը:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: