Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերից մեկը, որն ընդունել է Հայաստանը, վերաբերում է միջազգային իրավական ատյաններում միմյանց դեմ միջպետական հայցերից հրաժարվելուն։ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։
Ըստ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի` Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել միջազգային գանգատներից կամ պահանջներից, այլև կեղծ նյութեր է հավաքում Հայաստանի դեմ։ «Ադրբեջանն իր «դատավարություններով» այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» նյութական «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը».-նշում է Թաթոյանը։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ Հայաստանի իշխանություններին և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է, որ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատներից հրաժարվելու դեպքում ինքն անձամբ է գանգատ ներկայացնելու միջազգային ատյաններ ընդդեմ Հայաստանի։
«Ցանկալի չէր հրաժարվել միջպետական գանգատներից այն դատարաններում, որտեղ հնարավոր չէ անհատական գանգատ ներկայացնել, խոսքը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի մասին է։ Իսկ այդ դատարանում մենք արդեն լուրջ հաջողությունների էինք հասել»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Միջազգային իրավական հարցերով մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։