ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է հետևել Եմենում հութիների ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածներին: Սպիտակ տան մամուլի ծառայությունը Թրամփի լուսանկարները տեղադրել է X սոցցանցում, ինչպես նաև ներկայացրել ռազմական գործողության կադրեր, որոնք տեղադրվել են ԱՄՆ ԶՈւկենտրոնական հրամանատարության էջում:
Լուսանկարում Թրամփն է՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» գլխարկով։
Մինչդեռ, ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մարտի 15-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են Եմենի թեման:
Նշվում է, որ ամերիկյան կողմը տեղեկացրել է ՌԴ-ին Կարմիր ծովի շրջանում հութիների դեմ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին: Ի պատասխան՝ Լավրովն ընդգծել է ուժի կիրառումն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը, քաղաքական երկխոսություն սկսելու կարևորությունը հետագա արյունահեղությունը բացառող լուծում գտնելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ օդային ուժերը լայնածավալ գործողություն են սկսել Եմենում հութիների դեմ «ամերիկյան շահերը պաշտպանելու, թշնամիներին զսպելու և նավարկության ազատությունը վերականգնելու համար»: Հութիների առողջապահության նախարարության տվյալներով՝ Եմենի ուղղությամբ ավիահարվածների հետևանքով զոհերի թիվն արդեն գերազանցել է 30-ը, տուժածների թիվը՝ ավելի քան 100-ը: