ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ, և ովքեր արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ հետ կանչված դեղերը ոչ միայն անվտանգ են առողջության համար, այլև չկա որևէ խնդիր արդյունավետության հետ կապված։
«Հետկանչի միակ պատճառն ու հիմքը փաստաղթղթային անճշտությունն է․․․ Դեղերի հետկանչի որոշման հիմք հանդիսացող թերությունը որևէ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ չի առնչվում դեղի որակին, անվտանգությանը և արդյունավետությանը»,- տեղեկացնում են նախարարությունից։
Նշենք, որ մարտի 13-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ դեղերի հետկանչի կարգադրագիր տրվել մի շարք դեղերի սերիաների համար։ Այդ շարքում են նաև լայնորեն օգտագործվող «Կոնկոր» և «Էութիրօքս» դեղերը։
Ըստ տեսչական մարմնի՝ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն, որն էական վնաս չի հասցնում առողջությանը։