Անհարգալից պահվածքի համար Թուրքիայի քաղաքացուն Երևանում ձերբակալել են, հետո ազատ արձակել

Ոստիկանական բաժին տեղափոխված Թուրքիայի քաղաքացուն կարճ ժամանակ անց բաց են թողել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Երևանում Թուրքիայի քաղաքացին իրեն անհարգալից է պահել, հայհոյել ու վիրավորել մարդկանց, ինչի պատճառով նրան ձերբակավել ու ոստիկանության բաժին են տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին: Ժամը 12։05-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը՝ Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:
Հյուրանոց ժամանած ոստիկանները Ա. Ասլանին խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց Ասլանին բաց են թողել։
«Ունեմ տեղեկություն, որ սկզբնական փուլում իրավապահները դրսևորել են ադեկվատ հակազդեցություն։ Սակայն հետագայում, ինչ-որ «անտեսանելի ուժի» ազդեցությամբ, նրանց վարքագիծը փոխվել է. նախ, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելիքյանը։
Նշենք, որ առայժմ չի հաջողվել դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից։