ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը փորձում է հանրային տրանսպորտում օրենքի ուժով վերահսկողություն իրականացնող տեսուչների ինստիտուտ ստեղծել և նրանց միջոցով բոյկոտող քաղաքացիներին տուգանել, որը չնայած բավականին ուշացած քայլ է, բայց կրկին իր մեջ ռիսկեր է պարունակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը նոր օրենսդրական նախագծերի փաթեթ է ներկայացրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղեկան տուրքերի և վճարների մասին», ինչպես նաև Վարչական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։ Հիմնական նպատակը հանրային տրանսպորտի վճարումները և դրանց վերահսկողությունը օրինական դաշտ բերելն է և տրանսպորտի համար չվճարողներին տուգանելը։ Տուգանքը կազմելու է 15.000–18.000 դրամ, նայած ուղևորն ինչ աստիճանի իրավախախտում է արել։ Ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո ոչ ուշ, քան 1 րոպեում վճարել ուղեվարձը։
Ըստ Գալստյանի` թե ինչ միտում ունի այս օրենքը և որքանով այն կկարողանա ապահովել արդարացի ուղևորափոխադրումներ իրականացնելու իշխանությունների ձգտումը, դեռ վաղ է ասել, քանի որ խնդրահարույց հարցերը շատ են։
Բացի այդ, ներկայացված օրինագծերի փաթեթով ուղեվարձը համարվում է որպես տեղական վճար, մինչդեռ այժմ գործող կարգավորումներով դա ծառայության դիմաց գանձվող գումար է։ Այսինքն ստացվում է` ուղևորափոխադրող ընկերությունը պարտավորություն չի կրում քաղաքացուն ծառայություն մատուցելու, բայց քաղաքացին պետք է տեղական վճար տա։
«Հսկիչների աշխատելաոճը կարգավորող օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ ընդունված պետք է լինեին, նոր միայն ներդրվեր միասնական տոմսային համակարգը։ Այսօր ուշացումով գնում են այդ փոփոխություններին։ Այդ օրենքներում առաջարկվող փոփոխությունն արդեն հուշում է, որ սա հանրապետական նշանակության հարց է դառնում, քանի որ փոփոխությունները գործելու են բոլոր համայնքներում։ Օրինակ, Վանաձոր համայնքի ավագանին չէր կարող արտոնություններ տալ x խմբերին, Երևանը` y խմբերին։ Այժմ տուրքի տեսքով են անում, որ ցանկացած համայնք այդ օրենքին հղում անելով` ներհամայնքային փոխադրումներում կարողանա ինչ–որ բան կազմակերպել։ Այլապես աբսուրդի կվերածվեր ողջ հանրապետությունը։ Ամեն ավագանի իր համայնքի համար կարող էր մի բան որոշել ու քաոսային իրավիճակ ստեղծել»,–ասաց նա։
Գալստյանն ընդգծեց` քանի որ այսօր տեսուչների ինստիտուտ գոյություն չունի, քաղաքացին արդարացի բողոքում է, չի վճարում, և իրենք ոչինչ չեն կարող անել` ո՛չ նույնականացնել, ո՛չ պատասխանատվության ենթարկել։
Ըստ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետի` օրենսդրական փոփոխությունների նախագծում հաշվի առնված չեն ֆորսմաժորային իրավիճակները։
«Ենթադրենք, մարդը նստել է տրոլեյբուս, մեկ րոպե հետո վճարել է և մեկ րոպե անց տրոլեյբուսի լարը պոկվել է կամ վթար է տեղի ունեցել, ո՞նց է գումարը հետ գանձվելու։ Օրենսդրական փաթեթներում այդ մասերը բացակայում են։ Շատ ցանկալի կլիներ, որ ամբողջական փաթեթ ներկայացվեր, ուղևորների համար ֆորսմաժորային իրավիճակները նկարագրվեին»,–ասաց նա։
Այլ բան է, թե ինչ կտա այդ փոփոխությունը, քանի որ այն մասնագիտական լայն քննարկումներով չի անցել, նեղ մասնագետների կողմից չի մշակվել, հետևաբար` կրկին խնդրահարույց կարող է լինել։
«Պետք չէր հեծանիվ հայտնաբերել. կարելի էր, օրինակ, Թբիլիսիի փորձը վերցնել և տեսնել, թե ինչքան սահուն են կարգավորել այդ տեսուչների խնդիրը։ Իսկ մեզ մոտ բարդացված, խորացված է ամեն ինչ։ Եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ կրկին հակասություններ են ի հայտ գալու, որովհետև տեսչական գործողություններ իրավունք ունեն կատարելու տեսչական մարմինները։ Արդյոք համայնքի ղեկավարին կարող են օրենքով տալ տեսչական մարմնին հարիր ֆունկցիաներ։ Դժվար թե»,–ասաց նա։
Գալստյանի խոսքով` նման խոշոր փոփոխությունները սովորաբար 1 տարի փորձարկման փուլ են անցնում։ Բացի այդ, հարց է առաջանում` ինչպե՞ս են տեսուչները ստուգելու բանկային քարտով արված վճարումները, եթե, օրինակ, քաղաքացին մինչև 5000 դրամը գործարք կատարելիս sms հաղորդագրություն չի ստանում։ Ստացվում է` քաղաքացուն պետք է ստիպեն ապացուցել իր վճարման փաստը, այսինքն` ավտոմատ միացնել բանկի sms ծառայությունը։ Մյուս բոլոր ստուգումները հակասում են բանկային գաղտնիության սկզբունքին:
Բացի այդ, խնդրահարույց է մնում քաղաքացիներին հանրային տրանսպորտում նույնականացնելու հարցը, քանի որ հայտնի չէ, թե ով է դրանով զբաղվելու։
Ըստ Գալստյանի` դրանով դժվար թե տեսուչները զբաղվեն. պետք է ընտրված օպերատորը զբաղվի, բայց մյուս կողմից` մարդկանց տեղաշարժի մասին ցանկացած տեղեկատվություն կարող է երրորդ կողմի ձեռքում հայտնվել, որը համապատասխան մարմին չէ, որովհետև ՀՀ օրենսդրությունը հստակ ասում է, թե նման տեղեկատվություն որ մարմինների ձեռքում կարող է հայտնվել։
Նշենք, որ խնդրահարույց հարցերի պատասխանները ստանալու համար պաշտոնական հարցում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան, որի պատասխանը ստանալուն պես կներկայացնենք առանձին հոդվածով։