Փոքրիկ գորգ մեծ ջրափոսի մոտ. ԱՄՆ պետքարտուղարին Կանադայում «ջերմ» են դիմավորել

Ըստ երևույթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեղ հայտարարությունների ֆոնին Կանադայում այնքան էլ ուրախ չեն ընդունելու ամերիկացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Քվեբեկ (Կանադա)՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին: Արդեն օդանավակայանում ամերիկյան դիվանագիտության ղեկավարին «ջերմ» ընդունելություն են ցուցաբերել՝ ինքնաթիռի թեքահարթակի մոտ փռելով փոքրիկ կարմիր գորգ (ավելի շուտ նման է ֆիթնեսի գորգի), որը մասամբ հայտնվել է օդանավասանդուղքի մոտի մեծ ջրափոսում։
Սոցցանցերի օգտատերերն արդեն ծաղրում են ԱՄՆ պետքարտուղարին և գովում կանադացիների «հնարամտությունը»։ Լրատվամիջոցները հարցնում են՝ ի՞նչ է դա՝ պատահականությո՞ւն, թե՞ կանադացիների խորհրդանշական ժեստ։
Կանադացիները Միացյալ Նահանգներից դժգոհելու շատ պատճառներ ունեն։ ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր Կանադայից ապրանքների ներմուծման համար 25 % մաքսատուրք սահմանելու մասին: Կանադայի՝ այն ժամանակվա վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր 30 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար 25 % հակադարձ մաքսատուրքի մասին։ Դրանից կարճ ժամանակ անց Թրյուդոն հրաժարական տվեց։
Բացի այդ, դեռևս ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ Դոնալդ Թրամփը հրապարակել է Միացյալ Նահանգների քարտեզը և Կանադան Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը դարձնելու իր սկանդալային առաջարկները: Ի պատասխան Ջասթին Թրյուդոն բացառել է երկրի՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը՝ հայտարարելով, որ Կանադան երբեք Միացյալ Նահանգների մաս չի դառնա։ Արդեն երդմնակալությունից հետո Թրամփը Կանադային լուրջ հարկային մեղմացումներ է խոստացել, եթե երկիրը մտնի ԱՄՆ-ի կազմ՝ որպես 51-րդ նահանգ: