Պուտինը մեկնաբանել է Թրամփի կոչը

Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկում ճգնաժամից հետո Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը վերականգնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կուրսկի մարզ թափանցած ուկրաինական խմբավորմանը խնայելու կոչն իրագործելու համար անհրաժեշտ է, որ Կիևը համապատասխան հրաման տա իր զինվորականներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահը Պուտինին խնդրել է խնայել Կուրսկի մարզում ամբողջությամբ շրջափակված ուկրաինական զինված ուժերին։
Կուրսկի շրջանում իրավիճակն ամբողջությամբ ՌԴ–ի վերահսկողության տակ է․ Պուտին
«Այդ կոչն արդյունավետ կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր ստորաբաժանումներին հրամայի վայր դնել զենքը և հանձնվել»,- հավելել է Պուտինը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ըմբռնումով է մոտենում Թրամփի կոչին:
«Մենք ըմբռնումով ենք մոտենում այդ զինվորների նկատմամբ մարդասիրական ասպեկտները հաշվի առնելու կոչին, սակայն քաղաքացիական բնակչության դեմ նրանց կատարած հանցագործությունները ահաբեկչության գործողություններ են», - նշել է պետության ղեկավարը։
ՌԴ նախագահն ընդգծել է` օտարերկրյա վարձկանների նկատմամբ չի տարածվում ռազմագերիների հետ վարվելու մասին կոնվենցիայի գործողությունը:

Պուտինը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման մասին

ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ նախագահը մեկնաբանել է նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս իրավիճակը: Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկում ճգնաժամից հետո Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերականգնման ուղղությամբ:
«Նախագահ Թրամփի գլխավորությամբ նոր վարչակազմն ամեն ինչ անում է՝ վերականգնելու ինչ-որ բան այն ամենից, ինչը գործնականում ոչնչացրել է ամերիկյան նախորդ վարչակազմը»,– հայտարարել է Պուտինը:
Նա նշել է, որ այդ գործընթացը հեշտ չէ, բայց արդեն տեղաշարժ կա` հեռախոսազրույց է կայացել երկու երկրների ղեկավարների միջև, ԱԳՆ ղեկավարներ են շփվել, ինչպես նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն է հանդիպել ամերիկացի գործընկերոջ հետ:
«Ընդհանուր առմամբ շարժ կա։ Տեսնենք` ինչ կստացվի», - հավելել է Ռուսաստանի ղեկավարը։
Հիշեցնենք` մարտի 12-ին խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետերից մեկում։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կմ տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։
Կուրսկի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 67 հազարը։ Գերասիմովը նաև հայտնել է, որ ուկրաինական զինյալներն ակտիվորեն հանձնվում են՝ տեսնելով Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի անհեռանկարային լինելը, ՌԴ զինվորականները 430 զինյալ են գերի վերցրել։