ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և կմասնակցի մայիսի 9–ին Մոսկվայում կայանալիք հաղթանակի 80–ամյակի շքերթին։ Այս մասին նա ՌԴ նախագահին ասել է հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասում անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման։ Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից հնարավոր օգնության վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցեր։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։