ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Բրյուսելը Ուկրաինային խոստանում է Եվրամիությանը (ԵՄ) արագացված անդամակցություն՝ Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու դիմաց։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է «Kossuth» ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում, փոխանցում է HVG պորտալը։
«Դա կկործանի ողջ Եվրամիությունը: Դա կոչնչացնի մեզ (Հունգարիային)», – ընդգծել է նա։
Հունգարիայի վարչապետը նշել է, որ Ուկրաինայի հապճեպ անդամակցումը ԵՄ-ին անուղղելի վնաս կհասցնի եվրոպական երկրներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, աշխատաշուկան, առողջապահությունը, հանրային անվտանգությունը, սահմանների անվտանգությունը, ազգային պաշտպանությունը:
Օրբանը զգուշացրել է, որ Հունգարիան թույլ չի տա, որ նման որոշում թղթի վրա ընդունեն մի քանի «խելացիներ» Բրյուսելում՝ առանց բոլոր երկրների կարծիքները հաշվի առնելու։
Միևնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Արևմտյան Բալկանների երկրները, այդ թվում՝ Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան և Չեռնոգորիան, շատ ավելի լավ են պատրաստ ԵՄ անդամակցությանը, քան Ուկրաինան։ Նրա կարծիքով` նրանց կարելի էր համայնք ընդունել «նույնիսկ վաղն առավոտյան», և դա օգուտ կբերեր ողջ Եվրոպային։