ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն մարտի 11-ին Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման գործի քննության ընթացքում տուժող է ճանաչել և հարցաքննել ավելի քան 70 քաղաքացու: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Նրա խոսքով՝ քննիչները շարունակում են ահաբեկչության վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը:
«Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել և հարցաքննվել ավելի քան 70 քաղաքացիներ, այդ թվում՝ մահացածների հարազատները և ահաբեկչության հետևանքով տուժածները, իրականացվել է անշարժ գույքի օբյեկտների և քաղաքացիական տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ոչնչացված թռչող սարքերի բեկորների հայտնաբերման վայրերի ավելի քան 200 զննում», - ասել է Պետրենկոն:
Նշվում է, որ իրավապահների կողմից նշանակվել է ավելի քան 70 դատական փորձաքննություն, այդ թվում՝ բժշկական և պայթյունատեխնիկական, փորձաքննության են ենթարկվել նաև հայտնաբերված խոցող տարրերը, որոնցով լցոնված են եղել պայթուցիկ սարքերը:
Հիշեցնենք` մարտի 11-ին ՌԴ հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ–ների ամենազանգվածային հարձակումը։ ՊՆ–ի տվյալներով՝ Մոսկվայի մարզում մոտ 100 ուկրաինական անօդաչու է խոցվել, իսկ ամբողջ երկրի տարածքում` ավելի քան 330։ Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։