ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի` խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
Դյուժարիկի խոսքով՝ Գուտերեշը ոգևորված է երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում ձեռք բերված առաջընթացով և լիովին աջակցում է մնացած տարաձայնությունների կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին՝ ի շահ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության:
Բանակցությունների ավարտը ողջունել են նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, մի շարք այլ երկրներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն:
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։