Լուկաշենկոն ասել է, որ Պուտինին զանգել են Ուկրաինայից

Ալեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահն ասել է, որ Պուտինն է պատմել հեռախոսազրույցի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգել են Ուկրաինայից, բայց դա դեռ հրապարակային տեղեկություն չէ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բելառուսի նախագահն ասել է, որ այսօր Ուկրաինայում չկա այնպիսի քաղաքական գործիչ, որի հետ հնարավոր է պայմանավորվածության հասնել։

«Բայց մենք, միևնույնն է, խոսում ենք նրանց հետ։ Պետք է խոսել նրանց հետ, ովքեր դա ցանկանում են։ Մենք չենք տեսնում, որ նրանք մեզ հետ, Ռուսաստանի հետ խոսելու կրքոտ ցանկություն ունեն։ Բայց ես չեմ խոսի, թող Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պուտինը) ասի։ Ինքն է խոսել նրանց հետ։ Նրանք զանգել են Պուտին, խոսել։ Ոչ հրապարակային պայմանավորվածություն է եղել, որ նրանք կխոսեն»,- ասել է Լուկաշենկոն ռուս լրագրող Օլգա Սկաբեևային տված հարցազրույցում։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ դա ոչ հրապարակային տեղեկություն է, քանի դեռ ՌԴ նախագահը չի հրապարակել։
«Ես նման լիազորություններ չունեմ, բայց նա ինձ պատմել է»,– հավելել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։