Համաձայնագրում չկա դրույթ հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի մասին. Միրզոյան

 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ ՀՀ–ն առաջարկում է հնարավորինս շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ` Ադրբեջանի հետ պայմանավորվելու համաձայնագրի ստորագրման տեղի և ժամանակ ու մյուս մանրամասների շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում չկա դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը: Դրանք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։
Միրզոյանի խոսքով` տեքստում նաև չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին։
«Ընդհանրապես, միակողմանի որևէ կարգավորում չկա տեքստի մեջ, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունների փոփոխման մասին։ Խաղաղության համաձայնագրերը միշտ կնքվում են երկրների միջև, որոնք մինչ այդ վայրկյանն ունեցել են թշնամանք, պատերազմ, զոհեր։ Բարեկամների միջև խաղաղություն չեն կառուցում, բարեկամների հետ զարգացնում են հարաբերությունները»,– ընդգծեց նա։
Նախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` նշելով, որ համաձայնագրի ստորագրումից հետո կարող ենք ինստիտուցիոնալ առումով համարել, որ հակամարտությունը մոտեցավ ավարտին, և այդ պահին կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։
Ըստ նրա` համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով մենք կարող ենք շարունակել քննարկումները դեպի հարաբերությունների կարգավորում։
Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն առաջարկում է հնարավորինս շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ` Ադրբեջանի հետ պայմանավորվելու համաձայնագրի ստորագրման տեղի և ժամանակ ու մյուս մանրամասների շուրջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024–ի դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։