Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթության մեջ չէ․ Փաշինյան

Sputnik
Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթության մեջ չէ․ թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը այսօր էլ, ինչպես նախկինում, հետաքրքրված է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ։
Հիշեցնենք՝ Օրերս Հայաստան էին այցելել թուրքական լրատվամիջոցների մոտ 2 տասնյակ ներկայացուցիչներ։ Նրանց այցի մասին իր սոցիալական էջերում առաջինը ազդարարեց Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, որ հարցազրույց է տվել Հայաստան ժամանած թուրք լրագրողներին։
Ավելի ուշ պարզվեց, որ նրանց ընդունել ու հարցերին պատասխանել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և այլ պաշտոնյաներ։ Հայաստանի կառավարությունը 3–օրյա այցի ընթացքում թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նաև շրջայց է կազմակերպել հայ–թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղ հայաստանյան լրագրողներին թույլ չեն տալիս գնալ։
Եվ, ամենակարևորը` պարզվեց, որ թուրք լրագրողների այցելությունն ու կացությունը մեր երկրում կազմակերպվել է Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ և պետական բյուջեի միջոցներով։
Երեկ երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Նիկոլ Փաշինյանի այդ հարցազրույցի տեսագրությունը։