Քանի որ շանտաժի ենթարկողը Ադրբեջանն է, համաձայնագրի տեքստն էլ իրեն թելադրածն է․ Ստեփան Դանիելյան

Sputnik
Քանի որ շանտաժի ենթարկողը, պայմաններ թելադրողը ադրբեջանական կողմն է, բնականաբար, համաձայնագրի տեքստն էլ հենց այն տեքստն է, որ իրենք են թելադրում․ Sputnik Արմենիային ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցություններն ավարտված են։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովը բառացի ասել է, որ Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները, և, որ հաջորդ փուլում Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կփոխի Սահմանադրությունը։
Հայաստանի իշխանությունները միայն Ադրբեջանի հայտարարությունից հետո խախտեցին լռությունը։ ԱԳՆ–ը հաստատեց, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համաձայնության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Բայց «պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ,– արձանագրել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը և հավելել, – այսպիսով, խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»։