ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մոսկվայում անցկացրած բանակցություններն անվանել են հագեցած և արդյունավետ:
Կողմերը ստորագրել են օտարերկրյա պետությունների և արդարադատության մարմինների անհիմն հետապնդումներից քաղաքացիների փոխադարձ պաշտպանության մասին համատեղ հայտարարություն և համաձայնագիր:
Բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի փոխադարձ առևտուրն ու ներդրումները պաշտպանված են երրորդ երկրների ազդեցությունից և համաշխարհային շուկաների բացասական միտումներից:
Ռուսաստանի և Բելառուսի առևտրային գործարքների ավելի քան 90%-ը կատարվում է ազգային արժույթներով:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը կշարունակեն Միութենական պետության համատեղ կառուցումը, ինտեգրման խորացումը: Երկու երկրների առաջնորդները Միութենական պետության շրջանակներում փոխանակել են անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի վավերացման մասին հավաստագրեր:
Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել այսօր։ Նա և ՌԴ նախագահն առանձնազրույց են ունեցել, որև տևել է մեկ ժամ, ապա անցկացվել է ընդլայնված կազմով հանդիպում: