Մոսկվան կքննարկի Կիևի հետ հրադադար հաստատելու մասին առաջարկը. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան

Անդրեյ Կելին
Հրադադարի հնարավորության վերաբերյալ թերահավատությունը կապված է Կիևի հետ բանակցությունների նախկին փորձի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մոսկվան դիտարկելու է Ուկրաինայի արևելքում հրադադար հաստատելու մասին ամերիկյան առաջարկը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինն այս մասին ասել է «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ դեսպանն ընդգծել է, որ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում կլինի միայն խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո։
«Մենք դրան մեծ զգուշությամբ ենք մոտենում: Մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները, երբ հասնենք լիարժեք, համապարփակ համաձայնության», – ասել է նա լրագրողներին:
Կելինը հավելել է, որ հրադադարի հնարավորության վերաբերյալ Մոսկվայի թերահավատությունը կապված է Կիևի հետ բանակցությունների նախկին փորձի հետ։
Հիշեցնենք` մարտի 11–ին Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է` Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադար հաստատել (առաջարկը ներկայացրել է ԱՄՆ–ն), որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսում Ուկրաինայի ռազմական մատակարարումները։