ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մոսկվան վաղաժամ է համարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի բանակցային դիրքորոշման հրապարակումը, քանի դեռ երկխոսություն չի սկսվել։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները խնդրել են մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, թե Կիևը բանակցություններից հետո չի ճանաչի տարածքների կորուստը։
«Լսե՛ք, Ղրիմը, Սևաստոպոլը, Խերսոնը, Զապորոժիեն, Դոնեցկը, Լուգանսկը Ռուսաստանի Դաշնության մարզեր են, դրանք գրված են ՌԴ Սահմանադրության մեջ։ Դա է իրականությունը»,– պատասխանել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել հրապարակումներն այն մասին, թե իբր Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված պահանջների ցուցակ է փոխանցել ԱՄՆ-ին։
Ինչ վերաբերում է կողմերի դիրքորոշումներին, ապա Պեսկովը հորդորել է մինչ բանակցությունների մեկնարկը «չցնցել երկինքը» և հրապարակավ չխոսել այդ մասին։
Նա նաև հայտնել է`հնարավոր է, որ Պուտինը երեկոյան միջազգային հեռախոսազրույց ունենա, այլ շփումները ևս չեն բացառվում։