ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն պահպանում են կապերը և արդեն խորհրդակցություններ են անցկացնում իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է «Mehr» գործակալությունը, այս հայտարարությունն արել է հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դիվանագետի խոսքով՝ շփումները տեղի են ունենում միջնորդների միջոցով։
«Միջուկային թեմայի շուրջ հնարավոր բանակցությունների վերաբերյալ մենք ունենք պլան և մտածված ռազմավարություն։ Բանակցությունները շարունակվում են միջնորդավորված, պահպանվում է նաև եվրոպական երեք երկրների հետ փոխգործակցության խողովակը», - հավելել է Արաղչին։
Խոսքը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասին է։
Հատկանշական է, որ դեռ վերջերս Իրանի պաշտոնատար անձինք, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդը, հայտարարում էին, որ չեն բանակցի Վաշինգտոնի հետ։ Նրանք նշում էին, որ ԱՄՆ-ի կողմից ճնշման քաղաքականության պայմաններում ոչ մի բանակցությունների չեն գնա։
Այս հայտարարություններին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, որ ԱՄՆ-ն կնախընտրեր միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքել Իրանի հետ: