ԿԲ–ի հրապարակած տվյալներով` էլեկտրոնային առևտրի շրջանառությունը ՀՀ–ում 2024 թ.–ին` 2023-ի համեմատ աճել է 75 %-ով` կազմելով 972,5 մլրդ դրամ` 2023 թ–ի 556,8 մլրդ դրամի փոխարեն։
Ընդ որում` էլեկտրոնային առևտրի ամբողջ ծավալում պատվերների 77 տոկոսը կազմել են ներքին պատվերները, 23-ը` միջազգային։ Տեղական գործարքների շարքում զգալի տեղ են զբաղեցնում սննդի և տաքսիների առցանց պատվերները, մինչդեռ միջազգային պատվերների գերիշխող մասը կազմել են բջջային և կենցաղային տեխնիկայի, հագուստի գնումները` ինչպես անհատների, այնպես էլ վերավաճառողների կողմից։
«Աուդիտորների պալատ» ՀԿ նախագահ Նաիրի Սարգսյանի գնահատմամբ` առցանց առևտրի ծավալների աճի ու գների անկման պայմաններում մրցակցությանը դիմանալու համար տեղական փոքր ու միջին բիզնեսը պետության աջակցության կարիքն ունի։
Բայց կառավարությունը իրավիճակը ռեալ գնահատելու ու ծրագրեր մշակելու փոխարեն զբաղված է ՓՄՁ–ի հարկային բեռն ավելացնելով։ Արդյունքում տեղական բիզնեսը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։