ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Ռուսական զորքերը մեկ օրում ազատագրել են Կուրսկի մարզի Կազակյա Լոկնյա, Պերվի Կնյաժի, Վտորոյ Կնյաժի, Զամոստյե և Միրնի բնակավայրերը։ Այս մասին հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել են Կազակյա Լոկնյա, Պերվի Կնյաժի, Վտորոյ Կնյաժի, Զամոստյե և Միրնի բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: Այդ իսկ պատճառով քաղաքն օգտագործվում էր որպես հիմնական լոգիստիկ հանգույց, որի միջոցով Կիևը մոտակա գյուղերում և քաղաքներում մատակարարումներ էր իրականացնում իր ստորաբաժանումներին:
ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։ Անցած շաբաթվա վերջին նրանք լայնածավալ հարձակում սկսեցին Կուրսկի մարզում և մի քանի օրում բազմաթիվ բնակավայրեր ազատագրեցին, այդ թվում՝ Ստարայա Սորոչինան, Մալայա Լոկնյան, Չերկասսկոյե Պորեչնոյեն, Մարտինովկան, Միխայլովկան և այլն։
Կուրսկի սահմանամերձ գոտում մարտերի ընթացքում ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 66 հազար զինվոր, շուրջ 400 տանկ և հազարավոր միավոր այլ տեխնիկա։