ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կոչը հուսահատ քայլ է. փորձագետը՝ Թուրքիային դիմելու մասին

Էրդողանը ՆԱՏՕ–ի դրոշի ներքո. Արխիվային լուսանկար
Եվրոպացիները հասել են նրան, որ այժմ Թուրքիային դիտարկում են անվտանգության երաշխավորներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Եվրոպական անվտանգության հարցերը Թուրքիային պատվիրակելը ԵՄ-ի համար հղի է բավական լուրջ աշխարհաքաղաքական, հեղինակային խնդիրներով։ Դա նաև էապես կուժեղացնի թուրքական էքսպանսիան և կմեծացնի նրա դերը։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը ՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ վերջերս արած առաջարկը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Financial Times» թերթը, Մարկ Ռյուտեն կոչ է արել ԵՄ-ին մի կողմ դնել առկա տարաձայնությունները և ակտիվացնել անվտանգության ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը: Թերթի տեղեկություններով՝ Ռյուտեի առաջարկը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ, որը ցուցադրում է ԵՄ անվտանգության խնդիրներից ԱՄՆ-ի հրաժարվելու ցանկությունը: Հրապարակման մեջ նշվում էր, որ Եվրոպայի պաշտպանունակության բարձրացման շրջանակներում Բրյուսելը ներկայում ուսումնասիրում է Թուրքիայի և ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը:

«Ռյուտեի հայտարարությունները կարելի է հուսահատ քայլ համարել։ ՆԱՏՕ-ի վերաբերյալ Վաշինգտոնի հռետորաբանությունը դաշինքի եվրոպացի անդամներին ստիպում է ռազմական առումով համեմատաբար ուժեղ հենարան գտնել։ Եվ Անկարան այսօր հասել է այնպիսի մակարդակի, որ Եվրոպան սկսել է նրանում անվտանգության և սահմանների անձեռնմխելիության որոշակի երաշխիք տեսնել` անտեսելով անգամ Թուրքիայի՝ ԵՄ կազմ չընդունելը», - ասաց Աբրահամյանը։

Ի թիվս այլ բաների, անվտանգության ոլորտում Թուրքիայի աջակցությունը ստանալու Եվրոպայի ցանկությունը նշանակում է հրաժարում նախկին դիրքորոշումներից և կարգավորումներից, առաջին հերթին Թուրքիայի կողմից օկուպացված,այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի» հարցում։ Աբրահամյանը հիշեցնում է, որ Կիպրոսի մի մասի բռնակցումը Բրյուսելի և Անկարայի հարաբերություններում խոչընդոտ էր։
Բայց հիմա, ինչպես տեսնում ենք, եվրոպացիները պատրաստ են աչք փակել և՛ դրա, և՛ Թուրքիայում մարդու իրավունքների, մամուլի, քաղաքական ազատությունների և այլ խնդիրների վրա։
«Բավական պարադոքսալ իրավիճակ է՝ Եվրամիությունն այս բոլոր տարիներին հրաժարվել է Թուրքիային ընդունել իր կազմ, բայց հիմա կարող է Անկարային խնդրել պաշտպանել իր անվտանգությունը», – ասաց Աբրահամյանը:
Ի դեպ, մեր զրուցակիցը չի բացառում նաև ՆԱՏՕ-ի փլուզման սցենարը, եթե Թրամփն ի վերջո որոշի կյանքի կոչել սեփական հայտարարությունները: Գուցե վախենալով հենց նման շրջադարձից՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հնարավոր է համարում ապագայում անվտանգության եվրոպական դաշինքի ստեղծումը, որտեղ առաջին ջութակի դերը կխաղա Թուրքիան:
Նշենք, որ Թրամփը նախագահ վերընտրվելուց հետո բազմիցս ասել է, որ մտադիր է հասնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի՝ ՀՆԱ-ի 5 % հասցնելուն: Իսկ օրերս ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել ՆԱՏՕ-ում ԱՄՆ մասնակցության ձևաչափի փոփոխությունը, ինչի դեպքում Վաշինգտոնը նախապատվություն կտա այն դաշնակիցներին, որոնք պահպանում են կազմակերպության բյուջե փոխանցվող գումարների նորմերը: