Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացել են Երևանում և Կոտայքի մարզում

Каскад
էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Րոպեներ առաջ երկրաշարժ է եղել Հայաստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին, ժամը 09։26-ին էլ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք էր տեղի ունեցել երկրաշարժ։ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ։ Երկրաշարժը զգացվել էր Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։
Դրանից հետո 45 հետցնցում էր արձանագրվել, որոնցից ամենաուժեղը՝ 3,2 մագնիտուդով, Սպիտակից 9 կմ հյուսիս։