Արդարադատության նախարարության հեղինակած ու հանրային քնարկման ներկայացրած Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագիծը մասնագիտական շրջանակներում լուրջ քննարկումների առարկա է դարձել։
Իրավաբանները պնդում են, որ իշխանությունն այդ կերպ փորձում է քաղաքացուն զրկել վիճահարույց վարչական ակտերով նախատեսված տուգանքները չվճարելու սահմանադրական իրավունքից։
Նախարարությունը, մինչդեռ պնդում է, որ նախագիծը ճիշտ չի մեկնաբանվում։ Ըստ գերատեսչության տարածած պարզաբանման` նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որտեղ գրված է, որ դատարանի կողմից վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է տուգանքի վճարումը` մինչև դատարանի վերջնական վճռի ուժի մեջ մտնելը։
Նախարարությունը, սակայն պնդում է, որ այս կանոնը միանշանակ չէ, այն այսօր էլ ունի բացառություններ և որպեսզի ամեն ինչ լինի արդար, նախագծով առաջարկվում է, որ կասեցման որոշումը կայացնի դատարանը` հայցվորի ներկայացրած միջնորդության հիման վրա։
«Քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկելու վարչական ակտերը, միայն տարբերությունը այն է լինելու, որ ըստ անհրաժեշտության իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի, և ինչ հետևանքներ կարող են իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի: Այսինքն, ամեն դեպքում, դատարանը, ըստ հայցվորի միջնորդության, կարող է քննարկել և հայցի ապահովում կիրառել»,– պարզաբանել է Արդարադատության նախարարությունը։
Գերատեսչության պարզաբանումը, սակայն, մասնագետների մտահոգությունները չի փարատել։ «Մանթաշյանց» գործարար ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանի համոզմամբ`նոր կարգավորումը գործարարների համար դառնալու է ավելորդ գլխացավանք, հատկապես, որ դատավորը կարող է և մերժել տուգանքի վճարումը կասեցնելու միջնորդությունը։