ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսական զինուժը Կուրսկի մարզի 12 բնակավայր և ավելի քան 100 քառակուսի կմ տարածք է ազատագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են 12 բնակավայր` Ագրոնոմ, Բոգդանովկա, Բոնդարևկա, Դմիտրյուկով, Զազուլևկա, Իվաշկովսկի, Կոլմակով, Կուբատկին, Մարտինովկա, Միխայլովկա, Պրավդա, Յուժնի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով` Գոգոլևկա, Գոնչարովկա, Գուևո, Զաոլեշենկա, Կազաչյա Լոկնյա, Պերվիյ Կնյաժիյ, Կուրիլովկա, Լոկնյա, Մելովոյ, Օլյաշնյա, Սուջա, Չերկասսկայա Կոնոպելկա և Չերկասսկոյե Պորեչնոյե բնակավայրերում հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ–ի ծանր մեքենայացված, հինգ մեքենայացված, մոտոհետևակային, գրոհային, երկու դեսանտագրոհային բրիգադների և տարածքային պաշտպանության երկու բրիգադների ու երկու գրոհային գնդերի ստորաբաժանումներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Մարտի 11-ին ՌԴ հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ–ների ամենազանգվածային հարձակումը։ ՊՆ–ի տվյալներով՝ Մոսկվայի մարզում մոտ 100 ուկրաինական անօդաչու է խոցվել, իսկ ամբողջ երկրի տարածքում` ավելի քան 330։ ՌԴ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվայի մարզում 2 մարդ է մահացել, 18-ը` տուժել, այդ թվում` երեք երեխա։ Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։