ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Մոսկվայի մարզում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 3-ի։ Տեղեկությունը հայտնում է Դոմոդեդովոյի ղեկավար Եվգենյա Խրուստալևան:
«Հենց նոր ինձ հայտնեցին, որ երրորդ տղամարդը նույնպես մահացել է։ Բժիշկները հնարավոր ամեն բան արեցին։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մահացածների հարազատներին և մերձավորներին: Մենք ցնցված ենք և սգում ենք ձեզ հետ»,– ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիդնոյե քաղաքի հիվանդանոցում մահացել է 50-ամյա մի տղամարդ, որը տուժել էր Մոսկվայի մարզում անօդաչու սարքերի հարձակման հետևանքով: Իսկ «Միրատորգ» ընկերության անվտանգության աշխատակիցներից մեկը` 38-ամյա մի տղամարդ, տեղում էր մահացել։
Հիշեցնենք` մարտի 11-ին ՌԴ հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ–ների ամենազանգվածային հարձակումը։ ՊՆ–ի տվյալներով՝ Մոսկվայի մարզում մոտ 100 ուկրաինական անօդաչու է խոցվել, իսկ ամբողջ երկրի տարածքում` ավելի քան 330։ ՌԴ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվայի մարզում 2 մարդ է մահացել, 18-ը` տուժել, այդ թվում` երեք երեխա։ Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։