ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների հնարավորությունը: Այսպես է նա պատասխանել միջուկային գործարքի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու Վաշինգտոնի կոչին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Փեզեշքիանը նաև քննադատել է Սպիտակ տանը վերջերս կայացած Զելենսկի-Թրամփ հանդիպումը՝ նրանց լեզվակռիվն անվանելով ամոթալի:
«Երբ դուք ինձ սպառնում եք, ես չեմ ուզում ձեզ հետ բանակցել։ Ինչ ուզում եք` արեք»,-հայտարարել է նա։
Ավելի վաղ բանակցությունների մասին Թրամփի առաջարկը մերժել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:
Թեհրանին ուղղված իր ուղերձում ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի հետ գործարք կնքել նրա միջուկային ծրագրի շուրջ:
Հիշեցնենք, որ Թրամփն ու Զելինսկին փետրվարի 28-ին հանդիպեցին Վաշինգտոնում։ Հանդիպումը բավականին լարված անցավ։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղարկվեց՝ չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքեց Սպիտակ տունը։