ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը . Արխիվային լուսանկար
Նաև կոչ է արվում համապարփակ գործընթաց նախաձեռնել ազգային մակարդակում արդար և հուսալի արդարադատություն ապահովելու համար։Նաև կոչ է արվում համապարփակ գործընթաց նախաձեռնել ազգային մակարդակում արդար և հուսալի արդարադատություն ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունը՝ կոչ անելով հետաքննել քաղաքացիական անձանց մահապատիժները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կազմակերպված հարձակումներից հետո (Սիրիայում-խմբ.) ծայրաստիճան անհանգստացնող հաղորդումներ ենք ստանում ամբողջական ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և վիրավոր մարտիկների սպանությունների մասին: Անհրաժեշտ է իրականացնել բոլոր սպանությունների և այլ խախտումների օպերատիվ, թափանցիկ և անկողմնակալ հետաքննություններ, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան», - ասված է Ֆոլքեր Թյուրքի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության կայքում:
Թյուրքը նաև կոչ է արել ազգային մակարդակով ստեղծել ներառական, արդար և հուսալի արդարադատության իրականացման համապարփակ գործընթաց:
Հայաբնակ Քեսաբում համեմատաբար հանգիստ է, բայց վտանգ կա. ի՞նչ վիճակ է Սիրիայում
Նշենք, որ Սիրիայի Լաթաքիա նահանգում ալավիների ապստամբությունը սկսվել է մարտի 6-ին։ Պատճառը Սիրիայի ներկայիս նախագահ Ահմեդ աշ-Շարաայի զինված խմբավորումների կողմից տեղի բնակչության ահաբեկումն է։ Նոր իշխանությունների բռնաճնշումներից դժգոհ ապստամբները հայտարարել են ափամերձ շրջանում «վահան» ստեղծելու մասին։ Արդեն հաղորդվում է հազարավոր զոհերի մասին, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար է դարձել Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է որպես Ջուլանի), որը 2025 թվականի հունվարի վերջին հռչակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ:
Թեև Սիրիայի նոր իշխանությունները աջակցություն են հայտնել երկրի էթնիկ և կրոնական բազմազանությանը, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուց հետո կրոնական փոքրամասնությունները հարձակումների և հալածանքների են ենթարկվում Սիրիայի տարբեր մասերում: