ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հյուսիսում գտնվող մի խումբ պաղեստինցի գրոհայիններին այն պահին, երբ նրանք գետնի տակ պայթուցիկ սարք էին տեղադրում:
«Կիրակի օրը մի քանի ահաբեկիչներ են նկատվել, որոնք գործում էին ՑԱԽԱԼ-ի զորքերի մոտակայքում և փորձում էին պայթուցիկ սարքը դնել գետնի տակ Գազայի հյուսիսում։ Իսրայելի Ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ահաբեկիչներին»,-գրել է բանակի մամուլի ծառայությունը Telegram-ալիքում։
Հունվարի 19-ից մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ էր գործում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև՝ պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատելու մասին համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում: Մարտի լույս 2-ի գիշերը Գազայի հատվածում 42 օր տևած հրադադարի ավարտից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի երկարաձգման նոր ծրագիր է առաջարկել, քանի որ ներկա պահին անհնար է հաղթահարել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի լիակատար դադարեցման շուրջ տարաձայնությունները: Իսրայելի վարչապետի Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ ոչ:
Մարտի 2-ին Իսրայելը հայտարարեց Գազայի հատված մարդասիրական օգնության ներկրման արգելքի մասին, ինչպես նաև սպառնաց շարունակել ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ անկլավում զինադադարը երկարաձգելու և մնացած պատանդներին ազատ արձակելու ամերիկյան նոր ծրագիրն ընդունելուց հրաժարվելու համար: Իսրայելը շահագրգռված է շարունակել գործարքի առաջին փուլը, որպեսզի ազատի բոլոր պատանդներին և միևնույն ժամանակ պատերազմի դադարեցման երաշխիքներ չտա: ՀԱՄԱՍ-ն իր հերթին պնդում է, որ պետք է անցնել Գազայի գործարքի երկրորդ փուլին, որը նախատեսում է պատերազմի ամբողջական դադարեցում և անկլավից իսրայելական զորքերի դուրսբերում: