Իսրայելի էներգետիկայի նախարարը կարգադրել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազա

Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Անցյալ շաբաթ Իսրայելն ամբողջությամբ արգելել էր մարդասիրական օգնության մուտքը Գազա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Իսրայելի էներգետիկայի նախարար էլի Քոենը այսօր հայտարարել է, որ կարգադրել է անհապաղ դադարեցնել Գազայի հատված էլեկտրաէներգիայի մատակարարումը: Համապատասխան հրամանը, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հրապարակվել է էներգետիկայի նախարարության կողմից:
«Ես պարզապես հրաման եմ ստորագրել Գազայի հատված էլեկտրաէներգիայի մատակարարումների անհապաղ դադարեցման մասին։ Մենք կկիրառենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ բոլոր պատանդներին ազատելու նպատակով, և երաշխավորելու համար, որ ՀԱՄԱՍ-ը Գազայում չի մնա պատերազմի հաջորդ օրը», - հայտարարել Է Քոենը։
Մարտի 2-ին Իսրայելը հայտարարեց Գազայի հատված մարդասիրական օգնության ներկրման արգելքի մասին, ինչպես նաև սպառնաց շարունակել ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ անկլավում զինադադարը երկարաձգելու և մնացած պատանդներին ազատ արձակելու ամերիկյան նոր ծրագիրն ընդունելուց հրաժարվելու համար: Իսրայելը շահագրգռված է շարունակել գործարքի առաջին փուլը, որպեսզի ազատի բոլոր պատանդներին և միևնույն ժամանակ պատերազմի դադարեցման երաշխիքներ չտա: ՀԱՄԱՍ-ն իր հերթին պնդում է, որ պետք է անցնել Գազայի գործարքի երկրորդ փուլին, որը նախատեսում է պատերազմի ամբողջական դադարեցում և անկլավից իսրայելական զորքերի դուրսբերում:
Հունվարի 19-ից մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ էր գործում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև՝ պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատելու մասին համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում: Մարտի լույս 2-ի գիշերը Գազայի հատվածում 42 օր տևած հրադադարի ավարտից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի երկարաձգման նոր ծրագիր է առաջարկել, քանի որ ներկա պահին անհնար է հաղթահարել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի լիակատար դադարեցման շուրջ տարաձայնությունները: Իսրայելի վարչապետի Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ ոչ:
Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի գրոհայիններին պայթուցիկ սարք տեղադրելու պահին. ՑԱԽԱԼ