Առանց ՌԴ–ի չի կարելի խոսել Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության մասին. Սիյարտո

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն Երևանում. Արխիվային լուսանկար
Սիյարտոն նաև Արևմուտքի ռազմավարական սխալն է անվանել Ռուսաստանի հետ կապի դիվանագիտական ուղիների արգելափակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Խոսել Եվրոպայում անվտանգության նոր երկարաժամկետ ճարտարապետության մասին` անտեսելով Ռուսաստանի շահերը, անհնար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն Kossuth ռադիոյի եթերում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր վստահեցնում են, թեՌուսաստանը Եվրոպայի համար սպառնալիք է։ Ավելին, ես կարծում եմ, որ անհնար է եվրոպական անվտանգության համակարգ կառուցել, որը երկարաժամկետ խաղաղություն կապահովի, ու հաշվի չառնել Ռուսաստանին»,– ասել է նա։
Սիյարտոն նաև Արևմուտքի ռազմավարական սխալն է անվանել Ռուսաստանի հետ կապի դիվանագիտական ուղիների արգելափակումը։
«Երեք տարվա ընթացքում մենք Ռուսաստանի հետ պահպանել ենք բաց դիվանագիտական ուղիները, այժմ դրանք բացել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ, որ այդ ռազմավարությունն ավելի լավ է, քան երկխոսության դադարեցումը, որը փաստացի ջնջում է խաղաղության հույսը»,– ընդգծել է Հունգարիայի ԱԳ նախարարը։
Պաշտոնյայի հայտարարությունը հնչել է արևմտյան առաջնորդների կտրուկ հակառուսական հայտարարությունների ֆոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ին հայտարարել է, որ Ռուսաստանը իբր սպառնալիք է ներկայացնում Ֆրանսիայի և Եվրոպայի համար, և կոչ է արել ամբողջ ԵՄ–ն պաշտպանելու համար քննարկումներ սկսել ֆրանսիական միջուկային զենքի օգտագործման վերաբերյալ: Դրանից հետո` մարտի 7-ին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրոպան պետք է սպառազինությունների մրցավազքի մեջ մտնի Ռուսաստանի հետ։