ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ, մեկ մարդ է մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վթարը տեղի է ունեցել մարտի 8-ին, ժամը 22։50-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, «ZIL» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է մարտի 9-ին, ժամը 00։04-ին, մարվել՝ 00։30-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, «ZIL» մակնիշի բեռնատարի շարժիչի և սրահի հատվածը՝ մասամբ։ Փրկարարները դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկի դին։