ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Սիրիայի Լաթաքիա քաղաքում 2 հայ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասար» թերթը։
Նշվում է, որ հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսները կրակոցների զոհ են դարձել երեկ` մարտի 7–ն, Լաթաքիայի մուտքի մոտ։
Նրանց հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցուց։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար է դարձել Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է որպես Ջուլանի), որը 2025 թվականի հունվարի վերջին հռչակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ:
Թեև Սիրիայի նոր իշխանությունները աջակցություն են հայտնել երկրի էթնիկ և կրոնական բազմազանությանը, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուց հետո կրոնական փոքրամասնությունները հարձակումների և հալածանքների են ենթարկվում Սիրիայի տարբեր մասերում: