ՊՆ–ն և ուժայինները հայտարարել են, որ փակում են Սիրիայի առափնյա հատված տանող ճանապարհները

Լաթաքիա
Սիրիայի պաշտպանական գերատեսչությունը հանձնաժողով է ստեղծել խախտումների բացահայտման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Սիրիայի պաշտպանության նախարարությունը և անվտանգության ուժերը հայտարարել են, որ փակում են երկրի ափամերձ հատված տանող ճանապարհները: Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը։
Մարտի 6–ին Սիրիայի Ջեբլա քաղաքում, Լաթաքիա քաղաքի մի քանի շրջաններում և Լաթաքիա և Տարտուս նահանգների լեռնային տեղանքում կատաղի մարտեր են բռնկվել սիրիական անվտանգության ուժերի և երկրի նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև:
«Շրջանների մեծ մասի նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո Սիրիայի պաշտպանության նախարարությունը, ընդհանուր անվտանգության վարչության հետ համակարգմամբ, խախտումները հայտնաբերելու և կանխելու, տարածաշրջանում կայունության աստիճանական վերականգնման նպատակով հայտարարում է ափամերձ հատված տանող ճանապարհների փակման մասին», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հանձնաժողով է ստեղծել խախտումները հայտնաբերելու և ռազմական դատարան ներկայացնելու նրանց, ովքեր երկրի առափնյա հատվածում իրականացված գործողության ընթացքում խախտել են հրամանատարության հրամանները:
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար է դարձել Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է որպես Ջուլանի), որը 2025 թվականի հունվարի վերջին հռչակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ:
Թեև Սիրիայի նոր իշխանությունները աջակցություն են հայտնել երկրի էթնիկ և կրոնական բազմազանությանը, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուց հետո կրոնական փոքրամասնությունները հարձակումների և հալածանքների են ենթարկվում Սիրիայի տարբեր մասերում: