ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Այսօր ժամը 09:26-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժին այս պահի դրությամբ հաջորդել է 4 տասնյակից ավելի հետցնցում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Մասնավորապես, այս պահի դրությամբ արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։ Հետցնցումը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,-նշել է նա։
Սարգսյանն ընդգծել է, որ հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի։
Նա հորդորել է խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղոդագրություններին։
«Ժամը 12։30-ի դրությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրի և Արթիկ քաղաքներից ստացվել է 2 ահազանգ։ Գյումրիում, ըստ նախնական տվյալների, փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը՝ մոտ 2քմ։ Արթիկում, ըստ նախնական տվյալների, շենքերից մեկի 5-րդ հարկից ընկել է 2 քար։ Փրկարարները հեռացրել են թուլացած ևս 2 քար»,-նշել է նա։
ՀՀ ՆԳՆ խոսնակը նաև հայտնել է, որ այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են։
Հիշեցնենք՝ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին, Հայաստանում երկրաշարժ էր գրանցվել Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս–արևելք։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել էր Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։