ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Տ. Մ.-ն, պատասխանատու լինելով գնդի նյութական միջոցների պահպանության համար, խմբի կազմում հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքը: Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն զորամասի հաշվեկշռում առկա 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ, հանձնարարել է նույն զորամասի ավտոմոբիլային ջոկի վարորդ Գ. Դ.-ին և պահեստապետ Կ. Ա.-ին զորամասի պահեստից հանել ընդհանուր 10 տոննա դյուրալյումինից պատրաստված զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերն ու վաճառել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մետաղի ջարդոն ընդունող անձի հետ և հափշտակված պահեստամասերը՝ մեկ կիլոգրամը 400 ՀՀ դրամով, վաճառվել են: Արդյունքում՝ ստացված 4 մլն ՀՀ դրամից 3 մլն դրամը Գ. Դ.-ն տվել է Տ. Մ.-ին, իսկ գումարի մնացած մասը՝ 1 մլն ՀՀ դրամը, տնօրինել են ինքն ու պահեստապետ Կ. Ա.-ն: Վերջիններիս կողմից հիշյալ 1 մլն դրամը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Տ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել Վստահված գույքը հափշտակելը և Պաշտոնեական կեղծիքը հոդվածներով, իսկ Գ. Դ.-ին և Կ. Ա.-ին` Վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը կետերով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: