ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխատակիցներին առաջարկում է վաղաժամ կենսաթոշակ՝ նպատակ ունենալով կազմակերպությունից ԱՄՆ-ի սպասվող դուրս գալու ֆոնին նվազեցնել ծախսերը: Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի ներքին շրջաբերական նամակը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
«ԱՀԿ-ն որոշ աշխատակիցների խնդրում է դիտարկել վաղաժամ կենսաթոշակի անցնելու հնարավորությունը, քանի որ ձգտում է Դոնալդ Թրամփի՝ կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին որոշումից հետո նվազեցնել ծախսերը», - ասվում է հրապարակման մեջ:
Գործակալության տվյալների համաձայն՝ մինչև հունիս 55 և ավելի բարձր տարիքը լրացած աշխատակիցներին ԱՀԿ-ն առաջարկում է չորս ամսվա աշխատավարձ ստանալ ու անցնել թոշակի: Ընդգծվում է, որ առաջարկը կամավոր է, իսկ դրան համաձայնած աշխատակիցները ԱՀԿ-ից կհեռանան մինչև հուլիսի 15-ը: Միևնույն ժամանակ, կազմակերպության աշխատակիցների համար կենսաթոշակային ներկայիս տարիքը տատանվում է 60-ից 65 տարեկանի սահմաններում:
Առաջարկն ընդունած աշխատակիցները, գործակալության տվյալներով, պետք է կազմակերպությունում աշխատեն 3 ամիս, որից հետո նրանց կվճարվի չօգտագործված ամենամյա արձակուրդի 45 օրվա համարժեք գումար: Օտարերկրացի աշխատակիցներին կփոխհատուցվեն նաև տուն վերադառնալու ծախսերը։