2000-ականների սկզբից, երբ Հայաստանը սկսեց գառան միս արտահանել, ոչխարաբուծությունը բավականին եկամտաբեր բիզնես դարձավ։ Անցած ավելի քան 2 տասնամյակների ընթացքում իշխանությունները տարբեր ծրագրեր են իրականացրել ոլորտը խթանելու համար։ Գյուղատնտեսներն էլ պնդում են, որ ոչխարաբուծությունը Հայաստանում ունի բավականին լավ հեռանկար, քանի որ ունենք արոտավայրեր, որոնք ռացիոնալ չեն օգտագործվում:
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ֆերմերներին, պետական աջակցությամբ, ձեռք բերել բարձրարժեք տոհմային ոչխարներ։ Հայաստանում ձեռք բերված մեկ տոհմային կենդանու առավելագույն գինը սահմանվել է 300 հազար դրամ, իսկ արտերկրից ներկրելու դեպքում՝ 450 հազար դրամ։
Շահառուն կարող է ձեռք բերել նվազագույնը 5 գլուխ` 4 էգ, 1 արու, իսկ առավելագույնը՝ 300 գլուխ, այդ թվում՝ 10 գլխից ոչ ավելի արու մատղաշ ոչխարներ։ Պետությունը կփոխհատուցի յուրաքանչյուր ձեռք բերված տոհմային կենդանու արժեքի 50 տոկոսը։
«Հայաստանում ոչխարաբուծությունը զարգանցելու խիստ անհրաժեշտություն կա».-Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել գյուղատնտես Հարություն Մնացականյանը։