Թուրքիայի ԿԲ-ն հիմնական դրույքաչափը 45%-ից իջեցրել է մինչև 42,5%%

Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքը կազմում է մեկ դոլարի դիմաց 36,4 լիրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Թուրքիայի կենտրոնական բանկը այսօրվա նիստի ժամանակ հիմնական դրույքաչափը 45 տոկոսից իջեցրել է մինչև 42,5 տոկոս։ Այս մասին ասվում է ԿԲ–ի կայքում տեղակայված հայտարարության մեջ։
«Որոշում է կայացվել հաշվառման տոկոսադրույքը նվազեցնել մինչև 42,5%»,-ասվում է հայտարարության մեջ:
Մարտի 3-ին երկրի վիճակագրության ինստիտուտը (TÜIK) հայտնել էր, որ տարեկան գնաճը Թուրքիայում փետրվարի արդյունքներով դանդաղել է՝ հասնելով 39,05 տոկոսի (հունվարին այն կազմում էր 42,12 տոկոս), ամսական կտրվածքով սպառողական գների աճը կազմել է 2,27 տոկոս: Միևնույն ժամանակ Անկախ տնտեսագետների խմբի (ENAG) հաշվարկներով ամսական գնաճը փետրվարին կազմել է 3,37 տոկոս, տարեկան գնաճը՝ 79,51 տոկոս։
Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքը կազմում է մեկ դոլարի դիմաց 36,4 լիրա։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը մտել է բարձր գնաճի կայուն և զգալի նվազման շրջան։ Թուրքիայի կենտրոնական բանկը 2024 թվականի դեկտեմբերի վերջին գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ նվազեցրել է հիմնական դրույքաչափը՝ 50 տոկոսից մինչև 47,5 տոկոս։