ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Իտալական «Leonardo» մեքենաշինական հոլդինգը պայմանագիր է կնքել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության հետ: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հռոմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իտալական հոլդինգի ղեկավար Ռոբերտո Չինգոլանին։
Նրա խոսքով՝ անօդաչու տեխնոլոգիաների արտադրության վերաբերյալ կողմերը հիմնարար համաձայնագիր են կնքել։
«Մենք 4-5 տարի համագործակցություն ենք ծավալել որոշ տեխնոլոգիաների փոխանակման ուղղությամբ, բայց հետո որոշել ենք խորացնել գիտելիքներն այդ ոլորտում։ Այսօր, հինգ ամսվա լարված աշխատանքից հետո, հասանք արդյունքի», - հայտարարել է Չինգոլանին։
Ինչպես նշել է «Leonardo»-ի ղեկավարը, ընկերությունների համագործակցությունը բնութագրվում է տեխնոլոգիաների և առավելությունների փոխադարձ համատեղելիությամբ: Իտալական կողմից դա այսպես կոչված միջուկն է՝ սենսորներ, Էլեկտրոնիկա, ռադարներ։ Այս ամբողջը համադրվում է թուրքական արտադրողի կողմից առաջարկվող թռչող սարքերի լայն շրջանակի հետ։
«Մենք կարող ենք ապահովել ինչպես ազգային, այնպես էլ համաեվրոպական մակարդակներով ստացվող բոլոր պատվերները՝ շատ փոքր ու էժանից մինչև բարդ մարտական մեքենաներ: Ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա ավարտին հասցնել համատեղ ձեռնարկության ստեղծումը», - ասել է Չինգոլանին։
Արտադրամասերը տեղակայվելու են ինչպես Իտալիայում, այնպես էլ Թուրքիայում, իսկ համատեղ ձեռնարկության կենտրոնակայանը կլինի Իտալիայում։