ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի կործանիչը վարժանքների ժամանակ պատահաբար ռումբ է նետել Պհոչհոն քաղաքի մերձակայքում գտնվող գյուղի վրա, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Yonhap» գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ յոթ մարդ է տուժել Պհոչհոն քաղաքի Իդոն շրջանի գյուղերից մեկում բնակելի տների վրա հրետանային արկի կամ ռումբի ընկնելու հետևանքով։
Զինվորականների տվյալներով` այսօր Կյոնգիդո նահանգի Պհոչհոն քաղաքում Սինչժին զորավարժարանի շրջանում անցկացվում էին Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները ռազմաօդային ուժերի, Կորեայի Հանրապետության ցամաքային զորքերի և երկրում տեղակայված ԱՄՆ-ի զորքերի մասնակցությամբ։ Ռազմաօդային ուժերը գործարկել են F-35A, F-15K, KF-16 և FA-50 մարտական ինքնաթիռները։
«Օդային ուժերը հայտնել են, որ ութ MK-82 ռումբեր անոմալ կերպով նետվել են KF-16 կործանիչից և զորավարժարանի սահմաններից դուրս ընկել», – հաղորդում է գործակալությունը:
Ռազմաօդային ուժերը հանձնաժողով են ստեղծել միջադեպը հետաքննելու և վնասը գնահատելու համար։
MK-82 ռումբը նախատեսված է շենքեր և կամուրջներ ավերելու համար, այն 8 մետր տրամագծով և 2,4 մետր խորությամբ ռմբափոս է ստեղծում։ Մեկ ռումբի պայթյունի շառավիղը մոտավորապես ֆուտբոլի դաշտի չափ է: Այն գցվում է անկառավարելի ռեժիմով, առանց ուղղորդման։
«YTN» հեռուստաալիքի տվյալներով՝ Նոգոկ գյուղում, որտեղ ընկել է ռումբը, մի քանի շենք է վնասվել, այդ թվում՝ եկեղեցի, ինչպես նաև 1 տոննա կշռող ֆուրգոն։