Մասիս-Արտաշատ հատվածում գնացքի հետ ավտոմեքենայի բախումից կա 2 զոհ

Բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում ՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր ժամը 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի, հայտնում են ընկերությունից:
Բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում ՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Դժբախտաբար, մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են:
««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնում մահացածների հարազատներին և մերձավորներին, ու քաղաքացիներին հերթական անգամ կոչ է անում պահպանել գծանցումների հատման ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Shamshyan.com-ն էլ տեղեկացնում է, որ «ՎԱԶ 21099»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Ռ. Սարգսյանը, բեռնատարը գնացքը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Ա. Սարգսյանը, իսկ պատահարի հետևանքով մահացածներն «ՎԱԶ 21099»-ի վարորդ Ռ․ Սարգսյանը, նրա կինը, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Ն. Ավագյանը, իսկ վիրավորները նրանց 14-ամյա և 15-ամյա աղջիկներն են։
Ավելի վաղ ՆԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ բախվել են Երևան– Երասխ երկաթգծի մարդատար գնացքն ու ՎԱԶ մակնիշի ավտոմեքենան, նախնական տվյալներով՝ կա 2 զոհ։