Մանե Թանդիլյանը հրաժարվել է բժշկական միջամտությունից ու վերադարձել է Ազատության հրապարակ

Թանդիլյանը գրավոր հրաժարվել է բժշկական միջամտությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը վերադարձել է Ազատության հրապարակ ու շարունակում է հացադուլը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը և իրականացնել համապատասխան բուժում։ Գոհունակությունս հայտնելով թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անձնակազմին՝ գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ»,– գրել է նա։
Նշենք, որ այսօր առավոտյան Թանդիլյանին Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։
Հիշեցնենք` մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։