ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
«Վոլոդիմիր Զելենսկին կիրակի հայտարարել է, որ հավատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունները փրկելու հնարավորությանը… Զելենսկին ասել է, որ ինքը նախկինի պես պատրաստ է ստորագրել ԱՄՆ–ի հետ հանքանյութերի համաձայնագիրը, և որ հավատում է, որ ԱՄՆ–ն ևս պատրաստ կլինի», – հայտնում է գործակալությունը։
Ամերիկյան կողմի պնդմամբ` պայմանագիրը կարգավորելու է հազվագյուտ հողային հանքանյութերի, նավթի և գազի արդյունահանման և տեղափոխման, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հարցեր։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պայմանավորվածության շրջանակում ԱՄՆ-ն դառնալու է ուկրաինական հանքանյութերի, հազվագյուտ հողային մետաղների, նավթի և գազի մշակման հիմնական գործընկերը։ Նախագիծը նա որակել էր շահավետ Ուկրաինայի և ԱՄՆ-ի համար։ Թրամփը Կիևից 400-500 մլրդ դոլարի փոխհատուցման երաշխիքներ է պահանջում տրամադրված օգնության համար։
Նշենք, որ փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացավ Թրամփի ու Զելենսկու հանդիպումը, որը վերածվեց վեճի։ Հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա գործարքի ստորագրումը չեղարկվեց, թեև ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքեց Սպիտակ տունը։ Թրամփը հայտարարեց, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորելու հակամարտությունը Ռուսաստանի հետ։