Իրանը քննադատել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները

Իսմայիլ Բաղայի
Թուրք նախարարն ավելի վաղ ասել էր, որ Սիրիայում Իրանի քաղաքականությունը Թեհրանին ահռելի ռեսուրսներ ու կորուստներ է արժեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Իրանը ապակառուցողական է որակել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները՝ կապված Սիրիայում Թեհրանի քաղաքականության հետ։
Քննադատության պատճառ է դարձել Al Jazeera-ին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել է, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար»:
Ֆիդանը ակնարկել է իրանամետ պրոքսի խմբերի մասին, որոնք մասնակցում էին սիրիական հակամարտությանը, այդ թվում՝ Անկարայի կողմից աջակցվող զինյալների դեմ: Նա ընդգծել է, որ «հին սխալները չպետք է կրկնվեն»։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային արձագանքել է այս հայտարարություններին՝ նշելով, որ «թուրք որոշ գործընկերներ պետք է ավելի խորը մտածեն իրենց քաղաքականության հետևանքների մասին»։ Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի իրենց ժողովուրդների շահերից բխող անվտանգության համակարգի ստեղծումը։
Բաղային նաև ընդգծել է, որ չնայած առկա տարաձայնություններին, Իրանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին և Անկարայի հետ մի շարք ընդհանուր շահեր ունի։