ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ, որը բուժում է ստանում թոքաբորբի դեմ, այսօր սուր շնչառական անբավարարության երկու դրվագ է տեղի ունեցել, թոքերի ոչ ինվազիվ արհեստական օդափոխությունը վերսկսվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
«Այսօր Պապի մոտ սուր շնչառական անբավարարության երկու դրվագ է արձանագրվել, որոնք առաջացել են էնդոբրոնխիալ լորձի զգալի կուտակումից և դրան հաջորդած բրոնխների սպազմից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բժիշկները պոնտիֆիկոսին երկու բրոնխոսկոպիա են արել՝ «առատ արտազատման արտածծման անհրաժեշտությամբ»։
«Օրվա երկրորդ կեսին վերականգնվել է թոքերի ոչ ինվազիվ արհեստական օդափոխությունը»,-հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Պապը գիտակից է, կողմնորոշվում է տարածության մեջ և արձագանքում է բժիշկների գործողություններին:
Փետրվարի 14-ին, ընդունելությունից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել էր «Ջեմելի» հիվանդանոց՝ հետազոտության և բրոնխիտի ստացիոնար բուժում ստանալու նպատակով։ Նրա մասնակցությամբ նախատեսված միջոցառումները չեղարկվել էին։ Ավելի ուշ բժիշկները երկկողմանի սկսվող թոքաբորբ էին ախտորոշել։