Իրանը ցանկանում էր բանակցություններ սկսել ԱՄՆ–ի հետ, բայց Խամենեին դեմ էր. Փեզեշքիան

Իրանի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի իշխանությունները միջուկային գործարքի շուրջ բանակցությունների մասին որոշում կկայացնեն, եթե տեսնեն դրանք հավասար պայմաններում անցկացնելու հնարավորություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանում հայտարարել է, որ մտադիր էր Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսել միջուկային գործարքի և պատժամիջոցների վերացման շուրջ, սակայն ԱՄՆ-ի հետ երկխոսությանը դեմ է արտահայտվել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
«Ես կարծում էի, որ մենք պետք է երկխոսություն սկսենք (ԱՄՆ-ի հետ-խմբ.), բայց գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություն չպետք է վարվի։ Արդյունքում մենք հայտարարել ենք, որ երկխոսություն չենք վարի Ամերիկայի հետ»,– ասել է Փեզեշքիանը։
Հունվարի վերջին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ եվրոպական երկրների հետ Թեհրանի բանակցությունները շարունակվում են: Նրա խոսքով՝ միջուկային գործարքի մասնակիցների նկատմամբ Իրանի անվստահության վերացումը հնարավոր է գործուն քայլերի և կոնկրետ քաղաքականության, այլ ոչ թե գեղեցիկ խոսքերի միջոցով: Նախարարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները բանակցությունների մասին որոշում կկայացնեն, եթե տեսնեն դրանք հավասար պայմաններում անցկացնելու հնարավորություն:
Իրանի խորհրդարանն անվստահություն է հայտնել էկոնոմիկայի նախարարին
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: Բայդենի օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Իրանն ի պատասխան հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: