ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեում լարված աշխատանքային օրեր են. ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը հրահանգել է ստուգել ողջ համակարգը, ինչը համակարգում լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Աննա Վարդապետյանի տեղակալ Արթուր Պողոսյանը չի կարողանում դուրս գալ ենթակայի իր կարգավիճակից և, լինելով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար, աչքի է ընկնում դատախազության հանձնարարությունները կատարող մարմնի ղեկավարի հատկություններով: Հիմա ասվածը հիմնավորենք փաստերով. Աննա Վարդապետյանի կողմից մերժված դատախազները, որոնց Արգիշտի Քյարամյանը նշանակել էր աշխատանքի, անմիջապես ազատվեցին Քննչական կոմիտեում աշխատանքից՝ ՀԿԳ վարչություններից մեկի պետ Պետրոս Պետրոսյանը, Երևան քաղաքի քննչական վարչություններից մեկի բաժնի պետ Գոռ Ալեյանը և այլք»,-գրում է պարբերականը:
Նշվում է, որ հրահանգվել է ստուգումներ սկսել համակարգում. քննիչները մինչև ուշ գիշեր աշխատում են, կարգի են բերում փաստաթղթերը։
Ըստ պարբերականի՝ առաջիկայում մեծ արտահոսք է սպասվում Քննչական կոմիտեից, քանի որ շատ քննիչներ բողոքում են՝ այսպիսի ծանրաբեռնվածությամբ հնարավոր չէ արդյունավետ աշխատել, ավել լավ է՝ փաստաբանությամբ զբաղվեն: